Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Թրամփի կողմից Երուսաղեմի ճանաչումը ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական լուրջ նշանակություն ուներ

Թրամփի կողմից Երուսաղեմի ճանաչումը ոչ միայն արտաքին, այլև ներքաղաքական լուրջ նշանակություն ուներ
26.12.2017 | 10:27

Գաղտնիք չէ իսրայելական լոբբինգի և համայնքի ազդեցությունը ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր մարմինների վրա։ Գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, ծագումով հրեա է, անձնական բարեկամական հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ընտանիքի հետ և լրջորեն ազդում է Թրամփի արտաքին քաղաքական որոշումների վրա։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Նեթանյահուն, դեռևս նախագահական ընտրություններից առաջ, եկել էր ԱՄՆ` հանդիպելու նախագահի հիմնական թեկնածուներ Քլինթոնի և Թրամփի հետ։ Հանդիպումից անմիջապես հետո Թրամփը հայտարարեց, որ եթե ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, անպայման կճանաչի Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սա, բնականաբար, որոշակի ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա, քանի որ, ինչպես նշեցի, հրեական համայնքը ԱՄՆ-ում բավականին հզոր և ազդեցիկ է։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն փաստը, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն է, Թրամփն այս քայլով կատարեց նաև իր դաշնակցի խնդրանքը, քանի որ բանակցությունները, ըստ էության, տասնյակ տարիների ընթացքում հաջողության չեն հասել, և Երուսաղեմի կարգավիճակը շարունակում է կռվախնձոր լինել։ Չնայած ամերիկացիների շուրջ 37 տոկոսն է աջակցում նախագահ Թրամփին, այդուհանդերձ ամերիկացիների 42 տոկոսն աջակցում է նրան Երուսաղեմի ճանաչման հարցում։

Միաժամանակ այս որոշմանը դեմ է արտահայտվել ամերիկացիների միայն 44 տոկոսը։ Թրամփը շատ լավ հասկանում է, որ Իսրայելը տարածաշրջանի գերտերություն դարձնելով, ձեռք է բերում երկարատև և հուսալի դաշնակից` ամբողջ մերձավորարևելյան քաղաքականությունը Իսրայելի միջոցով իրականացնելու ճանապարհին։
Աներկբա է, որ այս որոշումը լուրջ հուզումներ էր առաջացնելու ոչ միայն արաբական, այլև իսլամական աշխարհում։ Այստեղ իրեն բավականին ակտիվ դեր վերապահեց Թուրքիան, որը իսլամական աշխարհի առաջնորդի անթաքույց ամբիցիաներ է դրսևորում։ Հենց Թուրքիան էր, որ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի կողմից վետոյի կիրառումից հետո, բանաձև շրջանառեց արդեն Գլխավոր ասամբլեայում։ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ ընդվզեցին աշխարհի շուրջ 130 երկրներ, և ԱՄՆ-ի վետոն շրջանցեցին ՄԱԿ-ի անդամ երկրները։ Նման բան պատմության ընթացքում տեղի էր ունեցել ընդամենը 10 անգամ, երբ շրջանցվել էին հիմնականում ԽՍՀՄ վետոները։


Այսպիսի ընթացք, իհարկե, Թրամփը կանխատեսել էր։ Նա ի սկզբանե գիտեր, որ «ճակատամարտը» տեղափոխվելու էր ՄԱԿ, որտեղ ինքը տոտալ պարտություն էր կրելու։ Թրամփը նաև հասկանում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կամ Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր իրավաբանական ուժ չունեն, ուստի ՄԱԿ-ում պարտվելը գլոբալ աշխարհաքաղաքական խաղում որևէ վտանգ չէր ներկայացնում։ Ավելին, անդամ պետությունները կդժգոհեին, «փուքսը կթողնեին», և ի վերջո, Թրամփի որոշումը որևէ կերպ չէր բեկանվի։ Սակայն Թրամփը Թրամփ չէր լինի, եթե այստեղից էլ օգուտով դուրս չգար։ Նա հայտարարել էր, որ կրճատելու է այն պետություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունը, որոնք ԱՄՆ-ի դիրքորոշմանը հակասող քվեարկություն կիրականացնեն։ Հիշեցնեմ, որ Թրամփը պարբերաբար առիթ է փնտրում, որ կրճատի ՄԱԿ-ին ԱՄՆ-ից կատարվող անդամավճարները, ավելին, վերջերս Թրամփը դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որ չվճարի ավելի քան 600 միլիոն դոլարի պարտքը։


Այստեղ մեզ համար կարևոր պետք է լիներ նաև Հայաստանի դիրքորոշումը։ Ըստ էության, Հայաստանն ուներ չորս այլընտրանք` քվեարկել բանաձևին «կողմ», «դեմ», «ձեռնպահ» կամ չմասնակցել քվեարկությանը։ Դիրքորոշում հայտնելիս Հայաստանը պետք է հաշվի առներ մի շարք հանգամանքներ, որոնցից էին ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, մանավանդ Թրամփի` «մենք ուշադիր հետևելու ենք քվեարկությանը և հետևություններ անենք» հայտարարությունից հետո։ Հայաստանը պետք է հաշվի առներ Իսրայելի հետ հարաբերությունների ներկա մակարդակն ու հեռանկարները, արաբական աշխարհի հետ Հայաստանի և Իրանի հետ հարաբերությունները և այլն։ Միաժամանակ պետք էր հաշվի առնել Էջմիածնի, Երուսաղեմի հայոց պատրիարքության, ինչպես նաև Կիլիկիո կաթողիկոսի դիրքորոշումները։ Նման բարդ ընտրության առաջ կանգնած Հայաստանը որոշում կայացրեց և հայտարարեց, որ Երուսաղեմի կարգավիճակը կարող է լուծվել բանակցությունների միջոցով` Իսրայել-Պաղեստին հակամարտության համատեքստում՝ կողմերի համար ընդունելի լուծմամբ։ Առաջնորդվելով հենց այս դիրքորոշմամբ` Հայաստանը «կողմ» քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձևին` դառնալով «կողմ» քվեարկած 130 պետություններից մեկը։ Չնայած ԱՄՆ-ի դիրքորոշմանը դեմ քվեարկելու հանգամանքին, բացառում եմ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք ցուցաբերելու հեռանկարը։ Իսկ ֆինանսական օժանդակության կրճատումն էլ կախված է առավելապես Կոնգրեսից, ոչ թե վարչակազմի ցանկությունից, քանի որ բյուջեն, իր վերջնական տեսքով, ընդունում է հենց Կոնգրեսը։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3271

Մեկնաբանություններ